Կղեմես Գալանոս
Կղեմես Գալանոս | |
---|---|
Ծնվել է | 1611[1] Սորենտո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա |
Մահացել է | մայիսի 14, 1666[1] |
Մասնագիտություն | միսիոներ |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն |
Կղեմես Գալանոս (իտալ.՝ Clemente Galano, լատին․՝ Clemens Galanus, 1611[1], Սորենտո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա - մայիսի 14, 1666[1]), իտալացի աստվածաբան, փիլիսոփա, հայագետ։
Գործել է հայկական միջավայրում, սովորել հայերեն, աշխատել է հայերին կաթոլիկացնել։ 1636–1641 թվականներին քարոզչական նպատակով եղել է Վրաստանում, 1641–44-ին՝ Կոստանդնուպոլսում, որտեղ զբաղվել է նաև մանկավարժական, դեղագործական–բժշկական գործունեությամբ։ Կ․ Պոլսի իր հիմնադրած դպրոցում հայ աշակերտներին դասավանդել է կրոն, լեզուներ (նաև հայերեն)։
1648–63 թվականին Հռոմում, սուրբ հավատի տարածման միության հայկակական վարժարանում (Ուրբանյան դպրոց), դասավանդել է հայոց լեզու և այլ առարկաներ։ 1664 թվականից մինչև իր կյանքի վերջը գործել է Լեհաստանում (Լվով)։ Գալանոսն ունի լատիներեն և հայերեն ձեռագիր ու տպագիր աշխատություններ։ Փիլիսոփայական հայացքներով եղել է Թովմա Աքվինացու հետևորդ։
Հավատը վեր է դասել բանականությունից, աստվածաբանությունը՝ գիտությունից։ Փորձել է տրամաբանությունը զտել գոյաբանական և իմացաբանական հայացքներից։ Նրա «Դրունք փիլիսոփայութեան ասացեալ ըստ յունաց, և լատինացւոց լօճիգայ և ըստ հայոց թարքմանի տրամաբանութիւն․․․» (1645) աշխատությունը հայերեն տպագրված տրամաբանության առաջին դասագիրքն է և մեզանում կարևոր դեր է խաղացել տրամաբանության՝ որպես ինքնուրույն գիտության ձևավորման ու զարգացման գործում։ Հայ իրականության մեջ հայտնի է Գալանոսի «Քերական և տրամաբանական ներածութիւն առ յիմաստասիրութիւնն շահելոյ» (1645) երկը, որը գրված է Սիմեոն Ջուղայեցու քերականական սկզբունքներով։ Գալանոսը լատիներենի հետևողությամբ գրաբարի համար ընդունում է մի շարք արհեստականություններ՝ անունների և որոշ դերանունների քերականական սեռ, 10 հոլով, բայական 6 սեռ, անեզական անունների եզակի ձևեր և այլն։
Կղեմես Գալանոսի երկերից առավել կարևոր է «Միաբանութիւն Հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ» (հ․ 1–2, մաս 1–2, 1650–61) լատիներեն և հայերեն աշխատությունը, որտեղ, օգտագործելով հայկակական, հունակական, լատինական աղբյուրներ և հիմք ընդունելով հայ ու հռոմեական եկեղեցիների հարաբերությունները՝ շարադրել է հայոց պատմությունը, հանդես եկել որպես հայ եկեղեցին Հռոմին ենթարկելու գաղափարի մոլեռանդ քարոզիչ, նպաստել Արևմտյան Եվրոպայում Հայաստանի քաղաքացիական և եկեղեցական պատմության վերաբերյալ սխալ տեղեկությունների տարածմանը։
Գալանոսի միտումնավոր հորինվածքները, որոնք գրականության մեջ մտել են «հայկական սխալներ» անունով, հերքվել են միայն XVIII դ․ վերջին։ Սակայն այս աշխատությունն այժմ ձեռք է բերել սկզբնաղբյուրի նշանակություն, քանի որ նրանում օգտագործված աղբյուրների մի մասը անհետացել է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջահուկյան Գ․ Բ., Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։
- Дашкевич Я․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV–-XIX веков, Е․, 1962
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրաբարի հոլովները Ֆրանչիսկոս Ռիվոլայի և Կղեմես Գալանոսի ընբռնմամբ Արխիվացված 2021-09-05 Wayback Machine
- ՓԻԼԻՊՈՍ Ա ԱՂԲԱԿԵՑԻ (1632-1655)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 652)։ |